Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ամեն նոտայի մեջ մի մեծ գաղափար կա»

«Ամեն նոտայի մեջ մի մեծ գաղափար կա»
06.03.2018 | 11:53

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս անգամ ներկայացնում է երիտասարդ տաղանդավոր ջութակահարուհի ՍՈՖՅԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ: Մարտի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում դիրիժոր Ռուբեն Ասատրյանը և ջութակահարուհի Սոֆյա Վարդանյանը, Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում, հանդես կգան ֆրանսիական ծրագրով՝ Բեռլիոզ, Միրզոյան, Ռավել և Ֆրանկ:


«Իրատեսի» հետ զրույցում ջութակահարուհին ասաց, որ Էդվարդ Միրզոյանի «Ինտրոդուկցիա և անընդհատ շարժում» ստեղծագործությունը նվիրված է իր պապիկին` ջութակահար Հակոբ Վարդանյանին. «Պապիկս և Էդվարդ Միրզոյանն ընկերներ են եղել և, կարելի է ասել, այս ստեղծագործությունը միասին են գրել, սկզբում գրվել է «Անընդհատ շարժումը», դա եղել է առանձին ստեղծագործություն, հետո որոշել են գրել առաջին մասը` «Ինտրոդուկցիան»: Ինձ համար առանձնահատուկ է այս ստեղծագործությունը, քանի որ պարզ երևում է պապիկիս ձեռագիրը՝ կապված թե նոտաների բովանդակության հետ, թե դրամատիզմի: Ամեն նոտայի մեջ մի մեծ գաղափար կա, ես մեծ հաճույքով եմ դա կատարում»:


Իբրև մենակատար Սոֆյա Վարդանյանը առաջին անգամ հանդես է եկել 12 տարեկանում` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ և Հայաստանի պետական կամերային նվագախմբերի հետ (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան)` պատանի երաժիշտ-կատարողների «Նոր անուններ» միջազգային փառատոնի շրջանակում: 2016-ին կատարել է Բախի Կրկնակի կոնցերտը ֆիլհարմոնիկի հետ` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Նույն թվականին ելույթներ է ունեցել Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի կամերային երաժշտության համերգներում: Ասաց, որ Երևանյան երաժշտական փառատոնը մեծ հետաքրքրություն է վայելում, հատկապես կոնսերվատորիայի ուսանողները ակտիվորեն հաճախում են, ունկնդրում, քանի որ փառատոնը յուրահատուկ հարթակ է համերգների միջոցով դասական երաժշտությանն առնչվելու:


2017-ին, գերմանացի հայտնի թավջութակահար Յան Ֆոգլերի հրավերով, Սոֆյան մասնակցել է Մորիսբուրգի երաժշտական փառատոնին` արժանանալով գլխավոր մրցանակի՝ «20-րդ դարի կոմպոզիտորի ստեղծագործության կատարում» անվանակարգում: Ներկայումս ուսանում է Գերմանիայում (Detmold Musik Hochschule):


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. Սոֆյա Վարդանյանի հետ զրույցի մանրամասները` «Իրատեսի» առաջիկա համարներից մեկում:

Դիտվել է՝ 4459

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ